Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականությունը գենդերային համապատասխանեցման տեսանկյունից
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ավելի շատ կին է ներգրավված, քան տնտեսության որևէ այլ ոլորտում, մինչդեռ երկրում գործող գյուղատնտեսական քաղաքականության մեջ գրեթե ներառված չէ գենդերային ոչ մի բաղադրիչ: 2020-2030 թվականների գյուղատնտեսության ռազմավարությունը գենդերային հավասարությունը սահմանում է որպես ուղղորդող սկզբունք, սակայն սուբսիդիաներ, վարկեր կամ գյուղատնտեսական տեխնիկա տրամադրող ծրագրերն ուղղված չեն կանանց աջակցության և չեն էլ հետևում՝ արդյոք նրանք օգտվում են այդ ծրագրերից: Հիմք ընդունելով Լոռիում, Տավուշում և Վայոց Ձորում հողի հասանելիություն ունեցող 201 կանանց շրջանում 2024-2025 թվականներին անցկացված հարցման արդյունքները՝ այս քաղաքականության համառոտագիրը ցույց է տալիս, որ կանայք ակտիվ կերպով ներգրավված են գյուղատնտեսության գործունեության յուրաքանչյուր փուլում, սակայն գյուղատնտեսական տեխնիկայի, ֆինանսական միջոցների, արտադրական ռեսուրսների և ենթակառուցվածքների սահմանափակ հասանելիությունը խոչընդոտում է նրանց արտադրողականությանը և եկամուտների համալրմանը: Շատերը նաև վարում են հողեր, որոնց նկատմամբ չունեն սեփականության օրինական իրավունք, ինչի հետևանքով կարող են առհասարակ զրկվել աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից: Մենք առաջարկում ենք միջոցներ՝ բարձրացնելու արտադրողականությունն այն հողատարածքներում, որոնք կանայք արդեն մշակում են, և օգնելու նրանց ավելի մեծ եկամուտ ստանալ այդ հողատարածքներից:
Ինչու է գյուղատնտեսությունը կարևոր կանանց տնտեսական հզորացման համար
Համաշխարհային տնտեսական ֆորումի գենդերային ճեղքվածքի գլոբալ ինդեքսում Հայաստանի դիրքը 2016 թվականի 201-րդ տեղից բարելավվել է 59-րդ տեղով 2025 թվականին (148 երկրների շարքում), սակայն տնտեսական մասնակցության և հնարավորությունների առումով այն զբաղեցնում է ընդամենը 91-րդ տեղը (Համաշխարհային տնտեսական ֆորում, 2025): Այլ գենդերային տարբերությունները հիմնականում առկա են տնտեսական ոլորտում, և Հայաստանի կանանց ներուժը շարունակում է մնալ ոչ լիարժեք իրացված: Կառավարությունը հատուկ նպատակ է դրել՝ վերացնելու այս տարբերությունները: Կառավարության 2025-2028 թվականների գենդերային քաղաքականության ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը թվարկում է կանանց սոցիալ-տնտեսական դիրքի ամրապնդումը և աշխատաշուկայում նրանց առաջխաղացումը որպես վեց առաջնահերթություններից մեկը (Հայաստանի Հանրապետության կառավարություն, 2025): Գյուղատնտեսական քաղաքականությունն այդ նպատակին հասնելու առավել արդյունավետ հասանելի լծակն է:
Գյուղատնտեսությունը շարունակում է կենսական նշանակություն ունենալ գյուղական բնակավայրերի բնակչության կենսապահովման և պարենային անվտանգության ապահովման գործում: Գյուղական բնակավայրերում է ապրում երկրի բնակչության 36%-ը (ՀՀ վիճակագրական կոմիտե, 2024), իսկ գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է 7.9% (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, 2025) (ՀՀ վիճակագրական կոմիտե, 2024): Այն նաև կանանց զբաղվածությունն ապահովող խոշորագույն ոլորտն է. աշխատող կանանց 31.2%-ը ներգրավված է գյուղատնտեսության ոլորտում՝ աշխատող տղամարդկանց 23.3%-ի համեմատ (Համաշխարհային բանկ, 2025):
Այս ոլորտում աշխատանքը գրեթե ամբողջությամբ ոչ ֆորմալ բնույթ է կրում: 2024 թվականին գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կանանց 96.3%-ը՝ շուրջ 89,100 կին, աշխատել է ոչ ֆորմալ պայմաններում (Հայկական վիճակագրական կոմիտե, 2024): Աշխատանքի այս ոչ ֆորմալ կազմակերպման հիմքում հիմնականում ոչ թե գենդերային գործոններն են, այլ քաղաքականության մշակման առանձնահատկությունները, մասնավորապես՝ սեփական արտադրության գյուղատնտեսական արտադրանքի վաճառքից ստացված եկամուտների հարկային արտոնությունը (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք, 2016): Քանի որ այս եկամուտը չի հարկվում, գյուղացիական տնտեսությունների մեծ մասը բիզնեսի կարգավիճակով գրանցվելու անհրաժեշտություն չի տեսնում, ինչի հետևանքով նրանց գյուղատնտեսական գործունեությունը պաշտոնական հաշվառման մեջ չի արտացոլվում։ Միջազգային վիճակագրական չափորոշիչների համաձայն՝ չգրանցված գյուղատնտեսական տնտեսություններում աշխատող անձինք, ինչպես նաև ընտանեկան գյուղատնտեսական տնտեսություններում առանց վարձատրության աշխատող անձինք համարվում են ոչ ֆորմալ աշխատողներ։ Այնուամենայնիվ, դրա հետևանքներն ավելի արտահայտված են կանանց մոտ, քանի որ գյուղատնտեսական գործունեությունից կանայք ավելի մեծ կախում ունեն, քան տղամարդիկ: Զբաղվածության ոչ ֆորմալ կարգավիճակն աշխատողներին զրկում է կենսաթոշակի կուտակման գործընթացից, սոցիալական պաշտպանության և պաշտոնական վարկային պատմություն ձևավորելու հնարավորություններից, ինչպես նաև էապես սահմանափակում է նրանց տեսանելիությունը նպատակային ծրագրերի շահառուների ընտրության գործընթացում:
Ոլորտի արտադրողականությունը նույնպես զգալիորեն ցածր է իր ներուժից։ Կառավարության կողմից իրականացված գյուղատնտեսության 2020-2030 թվականների ռազմավարության գնահատումը պարզել է, որ 2018 թվականի դրությամբ Հայաստանի վարելահողերի գրեթե կեսը չէր մշակվում կամ օգտագործվում էր անարդյունավետ (Հայաստանի Հանրապետության կառավարություն, 2019): Վերջին հաշվետվությունները վկայում են, որ այս միտումը պահպանվում է (panorama.am, 2026): Հողի սեփականության հետ կապված խնդիրները լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում: 1990-ականների սկզբին հողի սեփականաշնորհման ժամանակ գյուղական բնակավայրերի բնակիչներին հողատարածքներ էին հատկացվում՝ անկախ սեռից, սակայն դրանք գրանցվում էին «տնային տնտեսության առաջնորդի» անունով, որը սովորաբար տղամարդ էր։ Այդ ժամանակաշրջանից հետո գյուղական տնային տնտեսությունների 26.5%-ը գլխավորում են կանայք, ինչը հիմնականում պայմանավորված է տղամարդկանց երկարաժամկետ աշխատանքային միգրացիայի, ինչպես նաև այրիության և ամուսնալուծությունների հանգամանքներով (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO), 2017): Այդուհանդերձ, հաճախ հողի սեփականության իրավունքները շարունակում է տնօրինել բացակա ամուսինը կամ նրա ընտանիքը: Ավանդույթներն ավելի են խորացնում այդ անհավասարությունը: Հայրիշխանական ամուսնություններում, որոնք բնորոշ են գյուղական բնակավայրերին, ամուսնությունից հետո հարսը տեղափոխվում է ամուսնու ընտանիքի բնակության վայր, և կանայք հազվադեպ են պահանջում իրենց հասանելիք հողաբաժինը թե՛ իրենց հայրական, թե՛ ամուսնու ընտանիքից՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է ընկալվել որպես ընտանիքի անդամների հետ հակադրվելու փորձ: Այդ իսկ պատճառով գյուղացիական տնտեսություններ վարող շատ կանայք չեն հանդիսանում իրենց մշակած հողատարածքի պաշտոնական սեփականատերը և զրկվում են սեփականության իրավունքի պաշտոնական գրանցման ընձեռած հնարավորություններից, այդ թվում՝ վարկերի ձևակերպում, գյուղատնտեսական տեխնիկայի և տեխնիկական գիտելիքի ձեռքբերում (FAO, 2017): Գյուղական բնակավայրերում կանայք նաև օրական ավելի քան վեց ժամ են ծախսում տնային տնտեսությանն առնչվող չվարձատրվող պարտականությունների վրա, ինչը գերազանցում է քաղաքային բնակավայրերում բնակվող կանանց համապատասխան ցուցանիշը և մոտավորապես երկու անգամ ավելի երկար է, քան գյուղաբնակ տղամարդկանց դեպքում, ինչը կրճատում է արդյունավետ և կոմերցիոն գործունեությամբ զբաղվելու նրանց հասանելի ժամանակը (FAO, 2017):
Այս քաղաքականության համառոտագիրն ուսումնասիրում է, թե ինչպես գյուղատնտեսական քաղաքականությունը կարող է նպաստել Հայաստանում գենդերային հավասարության նպատակների իրագործմանը: Մենք ցույց ենք տալիս, որ գյուղատնտեսությանն ուղղված աջակցության ծրագրերը նախատեսված չեն կանանց համար, գյուղատնտեսության գործունեությամբ զբաղվող կանանց շրջանում իրականացված հարցման միջոցով բացահայտում ենք նրանց արտադրողականությունը և եկամուտները սահմանափակող գործոնները և ներկայացնում ենք քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկություններ:
Գյուղատնտեսական քաղաքականություն. գենդերային հավասարությունը՝ թղթի վրա, անտեսված՝ գործնականում
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020–2030 թվականների ռազմավարությունը ներառական աճի ապահովման հանձնառություն է ստանձնում և գենդերային հավասարությունը սահմանում է որպես իր ուղղորդող սկզբունքներից մեկը (Հայաստանի Հանրապետության կառավարություն, 2019): 2025-2028 թվականների գենդերային ռազմավարությունը, Հայաստանի համար ԵՄ-ի գենդերային հարցերի միջոցառումների III ծրագիրը և բարեգործական ծրագրերը, ինչպիսին է, օրինակ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի #5 հարթակը, նույն հարցերի մասին են մատնանշում: Թղթի վրա քաղաքականության շրջանակը հաշվի է առնում գենդերային հավասարության սկզբունքները: Խնդիրը գործնականում դրանց կիրառման մեջ է կայանում: Ֆերմերներին անմիջական աջակցություն տրամադրող ծրագրերը հազվադեպ են ներառում գենդերային առանձնահատկությունները հաշվի առնող նախագծային լուծումներ, թիրախային ցուցանիշներ կամ մշտադիտարկման պահանջներ, իսկ որոշ դեպքերում դրանք իսպառ բացակայում են։ ՄԱԿ-ի Կանայք կառույցը մատնանշել է այս թերության մասին իր 2018 թվականին իրականացված գյուղատնտեսական քաղաքականությունների գենդերային գնահատման շրջանակում (ՄԱԿ Կանայք, 2018):
Ծրագրի ներկայիս շրջափուլը ցույց է տալիս, որ գյուղատնտեսությանն ուղված աջակցությունն ունի հարուստ գործիքակազմ, սակայն դրա ոչ մի բաղադրիչ նախատեսված չէ կանանց համար: Կառավարության 2025 թվականի բուսաբուծության աջակցության ծրագիրը փոխհատուցում է հացահատիկային, հատիկաընդեղենային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը՝ մեկ շահառուի հաշվով առավելագույնը 11 միլիոն դրամի չափով։ Ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 1,5 միլիարդ դրամ (Հայաստանի Հանրապետության կառավարություն, 2025): Ավելին, Էկոնոմիկայի նախարարության 2026 թվականի բյուջեի գերակշիռ մասը՝ 74.5 միլիարդ ՀՀ դրամ, հատկացված է գյուղատնտեսության ոլորտի համար, այդ թվում՝ 10.1 միլիարդ ՀՀ դրամ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված աջակցության ծրագրի համար (Ազգային ժողով, 2026): Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների և գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սուբսիդիաները ներկայացնում են աջակցության ևս մեկ կարևոր ուղղություն և առանձին պետական ծրագիր, որն աջակցում է ինտենսիվ պտղատու այգիների ստեղծմանը և բարձրարժեք մշակաբույսերի աճեցմանը՝ մատչելի վարկերի տրամադրման, ինչպես նաև ոռոգման ժամանակակից համակարգերի և հակակարկտային ցանցերի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Բացի այդ, գործում է պետական առանձին ծրագիր, որն աջակցում է ինտենսիվ պտղատու այգիների և բարձրարժեք մշակաբույսերի զարգացմանը՝ մատչելի վարկերի տրամադրման, ինչպես նաև ժամանակակից ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով (Հայաստանի Հանրապետության կառավարություն, 2019):
Այնուամենայնիվ, այս գործիքակազմից ոչ մեկը նախատեսված չէ կանանց համար, և դրանց մշակումը նվազագույն կերպով է անդրադառնում կանանց սահմանափակումներին: Ծախսերի փոխհատուցումները և վարկերի սուբսիդիաները ենթադրում են հողատարածքի փաստաթղթավորված օգտագործում կամ սեփականություն, ինչպես նաև ծախսերը նախապես վճարելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայություն: Ֆինանսական վարձակալության տրամադրումը ենթադրում է վարկային պատմության առկայություն, ինչը ոչ ֆորմալ աշխատողները, որոնք չունեն գրանցված ակտիվներ, չեն կարող ներկայացնել: Երբ հողատարածքը գրանցված է լինում ընտանիքի արական սեռի ներկայացուցչի՝ որպես տնային տնտեսության ղեկավարի անունով, ինչպես սովորաբար տեղի է ունեցել սեփականաշնորհման արդյունքում, կինը կարող է զրկված լինել իր անունից դիմում ներկայացնելու հնարավորությունից, անգամ երբ նա իրականացնում է հողային աշխատանքների գերակշիռ մասը (FAO, 2017):
Գյուղատնտեսական վարկավորման կամ սուբսիդավորման ծրագրերից օգտվելու վերաբերյալ՝ ըստ սեռի տարանջատված տվյալները հրապարակայնորեն հասանելի չեն, ուստի հասանելիության հետ կապված առկա գենդերային անհավասարության չափը հնարավոր չէ ուղղակիորեն գնահատել։ Այնուամենայնիվ, ծրագրերի մասնակցության իրավասության չափանիշները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ նման անհավասարություն առկա է, իսկ տվյալների բացակայությունն ինքնին խնդրի մի մասն է կազմում։
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի, և հատկապես դրա գենդերային առանձնահատկությունների վերաբերյալ արդի և համապարփակ հետազոտությունները սակավաթիվ են։ Այս բացը հատկապես ակնառու է՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը զբաղվածության, գյուղական բնակչության կենսապահովման և պարենային անվտանգության ապահովման հարցերում, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված կանանց մեծ թիվը։
Գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց փորձը
Գյուղատնտեսությանն ուղղված աջակցության վերաբերյալ՝ սեռով տարանջատված տվյալների բացակայության պայմաններում այս բաժինն ինքնին ծառայում է որպես գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց կողմից ուղղակիորեն ստացված վկայություն: Այն ուսումնասիրում է երեք հարց. ի՞նչն է խոչընդոտում կանանց պատկանող հողի լիովին մշակմանը, ի՞նչ աջակցության կարիք են նրանք նշում, և արդյո՞ք ներկայումս նրանց կողմից մշակվող մշակաբույսերի ընտրությունը սահմանափակում է նրանց եկամուտների աճի հնարավորությունները։ Մենք հիմնվում ենք 2024-2025 թվականներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի #5 հարթակի համար «R-Insights» ՍՊԸ-ի կողմից հողին հասանելիություն ունեցող կանանց շրջանում Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացված հարցման տվյալների վրա (UNDP Հայաստան, 2025): Հեռախոսի աջակցությամբ (CATI) հարցազրույցներ են իրականացվել Լոռիից (70), Տավուշից (79) և Վայոց Ձորից (52) 201 կանանց հետ: Հարցման շրջանակներում տրվել են հարցեր հողօգտագործման մրցակցային առավելությունների, հմտությունների և կարողությունների, աջակցության կարիքների, ինչպես նաև տնային տնտեսությունների բնութագրերի վերաբերյալ: Հողի անմշակ մնալու պատճառների վերաբերյալ հարցերը տրվել են միայն 65 հարցառուի, որոնց պատկանող հողը չի մշակվել կամ թերի է մշակվել:
Կա առկա ապացույցների որոշակի սահմանափակում: Հարցումն իրականացվել է միայն կանանց շրջանում, ուստի այն չի կարող ցույց տալ՝ արդյոք դրա արդյունքում փաստագրված սահմանափակումները տարբերվում են ըստ սեռի, կամ արդյոք կանանց կողմից վարվող հողերն ավելի հազվադեպ են մշակվում, տղամարդկանց կողմից վարվող հողերի համեմատ: Հարցառուները հասանելիություն ունեն հողին, սակայն անպայմանորեն չեն հանդիսանում դրանց գրանցված սեփականատերերը, և հարցումների շրջանակը ներառել է միայն երեք մարզեր:
Կանայք ներգրավված են մշակման ողջ շրջափուլի ընթացքում
Կանայք նշում են իրենց գրեթե համընդհանուր ներգրավվածությունը հողագործության բոլոր փուլերում՝ սկսած նախապատրաստական փուլից, օրինակ՝ սերմերի ձեռքբերումից (91%), մինչև բերքահավաքից հետո իրականացվող աշխատանքները՝ բերքի պահեստավորումը, վաճառքը և շուկայավարումը (97%) (Աղյուսակ 1): Առկա չեն տվյալներ, որոնք փաստում են ընտանեկան գյուղատնտեսության մեջ կնոջը որպես երկրորդական՝ «օժանդակողի» ընկալումը. կանայք լիարժեք մասնակցություն են ցուցաբերում, այդ թվում՝ գյուղատնտեսության առևտրային հատվածում: Հետևաբար, քաղաքականության հարցն այն չէ, թե ինչպես ներգրավել կանանց գյուղատնտեսության մեջ, այլ այն, թե ինչն է խոչընդոտում կանանց հողից և իրենց ներդրած ջանքերից ավելի մեծ տնտեսական օգուտ ստանալը:
Աղյուսակ 1. Կանանց ներգրավվումը հողագործության տարբեր փուլերում
| Հողագործության փուլ | Ներգրավվածություն |
| Մշակման նախապատրաստական փուլ (օր.՝ սերմերի և այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերում) | 91% |
| Հոողագործական աշխատանքներ | 95% |
| Մշակմանը հաջորդող փուլ (բերքի պահեստավորում, վաճառք և շուկայավարում) | 97% |
Աղբյուր՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր Հայաստան (2025): Համակարգչային աջակցությամբ իրականացված հարցում, N=201. Հարց QA6: Թարգմանվել է հայերենից հեղինակների կողմից:
Արտադրողականության մարտահրավերը. ինչն է խոչընդոտում հողի լիարժեք օգտագործմանը
Կանանց հողի անմշակ կամ ոչ ամբողջովին մշակված լինելու գլխավոր պատճառը գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության սահմանափակումն է (37%): Այլ հարցվողներ ասում են, որ հողն օգտագործվում է որպես խոտհարք (31%), որ հողի մշակման ծախսերը գերազանցում են եկամուտները (22%), որ նրանք հնարավորություն չունեն ձեռք բերելու սերմեր (20%) կամ որ ոռոգման ջրի հետ առկա են խնդիրներ (17%) (Պատկեր 1): Հատկանշական է, որ հարցվողների 9%-ը նշում է հողի՝ սահմանին մոտ գտնվելու հանգամանքի մասին, ինչը հանդիսանում է Հայաստանին հատկորոշ անվտանգության սահմանափակում: Խոտհարքի օգտագործումից բացի այս պատճառներից գրեթե բոլորին կարելի է անդրադառնալ քաղաքականության տեսանկյունից՝ տեխնիկայի հասանելիություն, այլ միջոցների մատակարարում, ոռոգման և գյուղագործության տնտեսական արդյունավետությունը:
Պատկեր 1. Հողը չմշակելու կամ ոչ ամբողջովին մշակելու պատճառները՝

Աղբյուր՝ ՄԱԶԿ Հայաստան (2025): Համակարգչային աջակցությամբ իրականացված հարցում, ենթաընտրանք N=65: Յուրաքանչյուր հարցվողից ստացվել է մինչև երկու պատասխան, ուստի ընդհանուր ցուցանիշները գերազանցում են 100%-ը։ Գծապատկերի վերջում նշված թվերը ներկայացնում են հարցման համակցված ցուցանիշները (առաջին և երկրորդ պատճառները միասին)։ Առանձին բաղադրիչների ցուցանիշների և ընդհանուր ցուցանիշի միջև կարող է լինել 1 տոկոսային կետի տարբերություն՝ կլորացման հետևանքով։
Կանանց կողմից նշված կարիքները սերտորեն համապատասխանում են այս սահմանափակումներին: Այն հարցին, թե ինչ աջակցություն կարող է բարելավել նրանց գյուղագործական գործունեությունը, հարցվողների 91%-ը նշել է տեխնիկական աջակցությունը (տեխնիկա և սարքավորումներ), 78%-ը՝ ֆինանսական աջակցությունը, 52%-ը՝ ենթակառուցվածքային բարեփոխումները, և 34%-ը՝ շուկայի բարելավված հասանելիությունը (Պատկեր 2): Միայն 1%-ն է նշել, որ չունի աջակցության կարիք: Հակիրճ ասած, հիմնական խոչընդոտը ոչ թե գյուղագործությամբ զբաղվելու պատրաստակամությունն է, այլ հասանելիությունն այն աղբյուրներին, որոնք անհրաժեշտ են հողագործության արդյունավետությունն ապահովելու համար:
Figure 2. Areas of support needed to improve agricultural activity

Source: UNDP Armenia (2025). CATI survey, N=201. Respondents named up to three priorities; totals exceed 100%. Translated from Armenian by the authors.
Արժեքի ավելացման խնդիրը․ ինչպես ավելի մեծ եկամուտ ստանալ նույն հողատարածքից
Հարցվող կանանց արտադրողականության գործունեության պատկերը հուշում է երկրորդ մարտահրավերի մասին: Կանանց կողմից իրենց ամենամեծ հողակտորներում առավել հաճախ մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերն են՝ ցորենը (36%), կարտոֆիլը (30%), վարունգը (25%), լոբին (24%), խաղողը (18%) և արքայանարինջը (17%) (ՄԱԶԾ, 2025): Մեկ հեկտարի հաշվով ցորենի և կարտոֆիլի մշակությունը քիչ եկամուտ է ապահովում:
Ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի` մեկ հեկտար ոռոգվող ցորենի բերքի արժեքը կազմում է շուրջ 400,000 ՀՀ դրամ, մինչդեռ դրա մշակման ծախսերը կազմում են 420,000 ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ կառավարությունը խրախուսում է ինտենսիվ այգեգործությունը որպես ավելի եկամտաբեր ուղղություն (panorama.am, 2024): Հետևաբար, կանանց ավելի արդյունավետ գյուղատնտեսական գործունեություն վարելու աջակցություն ցուցաբերելը խնդրի միայն մի մասն է ներկայացնում: Մյուս մասը վերաբերում է ավելի բարձր ավելացված արժեք ապահովող արտադրության աստիճանական աճի նպաստմանը՝ շահութաբեր մշակաբույսերի մասին ավելի հավաստի տեղեկության տրամադրման, սորտերի բարելավված բազմազանության, ոռոգման, արտադրության ժամակակակից միջոցների, պահեստավորման և վերամշակման, ինչպես նաև շուկայի հետ կապերն ամրապնդելու միջոցով:
Սա նաև ցույց է տալիս, թե ինչու 2025 թվականի մշակաբույսերի աջակցման ծրագիրը պետք է որդեգրի գենդերային մոտեցում: Հաշվի առնելով, որ այս կանանց մեծամասնությունն աճեցնում է ցորեն և լոբի, նրանք լիովին համապատասխանում են դրա թիրախային խմբին: Այդուհանդերձ, այն կանայք, որոնք զբաղվում են իրենց ամուսնու կամ նրա ընտանիքի որևէ անդամի սեփականությունը հանդիսացող հողի մշակմամբ, կարող են զրկված լինել սուբսիդիա ստանալու հնարավորությունից, ուստի ծրագրի հիմնական շահառու հանդիսացող կանայք կարող են դուրս մնալ դրա շրջանակից՝ գործող պահանջների պատճառով: Թեև սուբսիդիան ապահովում է պարենային մթերքի անվտանգությունը, այն ինքնին չի խթանում ցածր եկամտաբերությամբ մշակաբույսերից անցումը դեպի ավելի շահութաբեր մշակաբույսերի արտադրություն։ Կանանց համար անհրաժեշտ է նաև հասանելի դարձնել այն ծրագրերը, որոնք աջակցում են բարձր ավելացված արժեք ապահովող գյուղատնտեսական արտադրության զարգացմանը:
Ամփոփիչ դիտարկումներ և առաջարկություններ
Հայաստանի գյուղատնտեսական ռազմավարությունը նախատեսում է ներառական, գենդերային հավասարությամբ պայմանավորված աճ, և դրա գենդերային ռազմավարությունը նախատեսում է կանանց տնտեսական առաջընթացի խթանում: Այստեղ տեղ գտած ապացույցները ցույց են տալիս, որ գյուղական բնակավայրերի կանայք արդեն իրականացնում են մշակության բոլոր փուլերի աշխատանքը, մինչդեռ պետության աճող գյուղատնտեսական աջակցության բյուջեն ուղղվում է այնպիսի մեխանիզմներով, որտեղ նրանք տեսանելի չեն: Գործող ծրագրերը կանանց կողմից նշվող սահմանափակումներին համապատասխանեցնելով և աջակցելով նրանց՝ արդեն իսկ իրենց կողմից մշակվող հողից ավելի մեծ եկամուտներ ստանալուն, կնպաստեին գենդերային հավասարության առաջընթացին և կանդրադառնային Հայաստանի գյուղատնտեսության առանցքային անարդյունավետություններից մեկին՝ երկրի վարելահողերի գրեթե կեսի ոչ լիարժեք օգտագործմանը:
Մեր առաջարկությունը երկու խմբի է բաժանվում. այն հողատարածքների արտադրողականության բարձրացում, որոնք նրանք արդեն մշակում են, և մշակահողերից ավելի մեծ շահույթ ապահովելու աջակցություն: Առաջարկությունների մեծ մասն ուղղված է Էկոնոմիկայի նախարարությանը և դրա ենթակա ծրագրերն իրականացնող կառույցներին: Գյուղատնտեսական խորհրդատվության, կոոպերատիվների և գենդերային ռազմավարության վերաբերյալ առաջարկություններն ուղղված են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և զարգացման գործընկերներին:
Նախ և առաջ, պետք է ստեղծել կին ֆերմերների համար գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու առանձին աջակցության մեխանիզմ: Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրում կարելի է նախատեսել հողատարածքը որպես գրավ ներկայացնելու պահանջից ազատված դիմելու հնարավորություն, ինչպես նաև աջակցել համայնքային տեխնիկայի համատեղ օգտագործման կենտրոնների և սպասարկման կոոպերատիվների ստեղծմանը, որոնց ծառայություններից կարող են օգտվել նաև կին ֆերմերները: Ծրագրից օգտվելու ցուցանիշները պետք է մշտադիտարկվեն՝ ըստ շահառուների սեռի։ Եթե արձանագրվի կանանց և տղամարդկանց մասնակցության անհամամասնություն, ապա հիմնավորված կլինի կանանց համար առանձին քվոտաների սահմանումը կամ արտոնյալ պայմանների կիրառումը։ արտադրական ռեսուրսների հավասար հասանելիության տնտեսական հիմնավորումը զարգացման տնտեսագիտության առավել հիմնավոր եզրակացություններից մեկն է։ Քրիստոֆեր Ուդրին (1996) ցույց է տալիս, որ նույն տնային տնտեսության մեջ արտադրական ռեսուրսները տղամարդկանց մշակած հողակտորներից կանանց մշակած հողակտորներին վերաբաշխելու դեպքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կարող է աճել շուրջ 6%-ով։ Theis et al. (2018) հետազոտությունը ցույց է տալիս, որ փոքրածավալ տեխնոլոգիաները բարձրացնում են կանանց արտադրողականությունը, միայն երբ ծրագրերը հաշվի են առնում ոչ միայն դրանց հասանելիությունը, այլև այն, թե ով է վերահսկում տեխնոլոգիաների կիրառումը:
Երկրորդ, հարկավոր է մշակել այնպիսի ֆինանսական գործիքներ, որոնցից օգտվելը գրավի առկայությամբ պայմանավորված չէ, օրինակ՝ վարկերի երաշխավորման մեխանիզմներ, դրամաշնորհների և վարկերի համակցված փաթեթներ, ինչպես նաև կին արտադրողների խմբային վարկավորման ծրագրեր։ Դիանա Ֆլետշները (2009) ցույց է տալիս, որ կանանց վարկավորման սահմանափակումները տարբերվում են տղամարդկանց սահմանափակումներից և պայմանավորված են ոչ այնքան գյուղատնտեսական գործունեության առանձնահատկություններով, որքան տնային տնտեսության ներսում ձևավորված հարաբերություններով և որոշումների կայացման մեխանիզմներով։ Հետևաբար, գենդերային առանձնահատկությունները հաշվի չառնող վարկային պրոդուկտները հաճախ չեն բավարարում կանանց կարիքները։ Վեց երկրներում միկրովարկերի հասանելիության ընդլայնման ազդեցության պատահականացված գնահատումները ցույց են տալիս ձեռնարկատիրական գործունեության և ներդրումների հետևողական, թեև ոչ մեծ աճ (Banerjee et al., 2015)։ Միևնույն ժամանակ, Ashraf et al. (2010) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանանց առանձնահատուկ սահմանափակումները հաշվի առնելով, մշակված խնայողական պրոդուկտը մեծացրել է տնային տնտեսության ներսում որոշումների կայացման վրա նրանց ազդեցությունը։
Երրորդ, պետք է ներդրում կատարել ոռոգման համակարգերում և գյուղական ենթակառուցվածքներում, որտեղ կանայք նշում են այս սահմանափակումների մասին, ինչպես նաև սահմանամերձ համայնքներին ընդգրկել ռիսկերի նվազեցմանն ուղղված աջակցության ծրագրերում։ Ոռոգման խնդիրները կանանց կողմից հողատարածքները չմշակելու հիմնական պատճառներից են (17%), իսկ հարցվողների շուրջ կեսն ավելի բարելավված ենթակառուցվածքի կարիք են հայտնում (52%): Նման ներդրումը պետք է նաև հասանելի լինի այն կանանց համար, որոնք գյուղատնտեսական գործունեությամբ են զբաղվում առանց որևէ ֆորմալ պաշտոնի: Մալիում ոռոգման հասանելիությունը նպաստել է տնային տնտեսությունների սպառման ծավալների աճին, ակտիվների կուտակմանը և ոչ ֆորմալ ապահովագրական մեխանիզմների ձևավորմանը։ (Դիյոն, 2011):
Չորրորդ՝ կանանց՝ իրենց հողատարածքներից ավելի մեծ եկամուտ ստանալու հնարավորություններն ընդլայնելու համար գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունները պետք է հասանելի դարձնել նրանց՝ կին խորհրդատուների և թվային գործիքների միջոցով։ Սա ենթադրում է պետական գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններում կին խորհրդատուների ներգրավում և վերապատրաստում, ինչպես նաև կին ֆերմերների համար նախատեսված ուսուցողական մոդուլների մշակում այնպիսի թվային ծրագրերի շրջանակում, ինչպիսին է ՊԳԿ-ի՝ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող «Թվային գյուղեր» նախաձեռնությունը՝ զուգակցված թվային գրագիտության ուսուցմամբ։
Մոզամբիկում իրականացված պատահականացված փորձարարական հետազոտությունը ցույց է տվել, որ գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների ցանցերում վերապատրաստված կին խորհրդատուների ներգրավումը նվազեցրել է հողերի կայուն կառավարման մեթոդների տարածման գործընթացում առկա գենդերային անհավասարությունը և նույնիսկ նպաստել է նրան, որ տղամարդ խորհրդատուներն ավելի հաճախ սկսեն աշխատել կին ֆերմերների հետ (Kondylis et al., 2016)։ BenYishay et al. (2020) հետազոտությունը ցույց է տալիս, որ կանայք գյուղատնտեսական տեխնոլոգիաների փոխանցման հարցում նույնքան արդյունավետ են, որքան տղամարդիկ, սակայն նրանց կարողությունները հաճախ ավելի ցածր են գնահատվում։ Հետևաբար, հիմնական խոչընդոտը ոչ թե կանանց կարողություններն են, այլ ինստիտուցիոնալ աջակցության պակասը։ Թվային գործիքների կիրառումը կարող է նաև զգալիորեն նվազեցնել նման խորհրդատվական ծառայությունների մատուցման ծախսերը (Aker, 2011)։
Վերջապես, անհրաժեշտ է աջակցել կանանց անցմանը դեպի ավելի բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի արտադրություն և ավելի շահավետ շուկաներ։ Արտադրողների խմբերի ձևավորմանը, գյուղատնտեսական արտադրանքի համախմբմանը, պահեստավորման և վերամշակման համատեղ ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպես նաև գնորդների հետ կապերի հաստատմանը ցուցաբերվող աջակցությունը կօգնի կանանց ավելի մեծ ծավալներով իրացնել իրենց արտադրանքը և պահպանել դրա ստեղծած ավելացված արժեքի ավելի մեծ մասը՝ հիմնվելով այնպիսի նախաձեռնությունների վրա, ինչպիսին է ՄԱԶԾ-ի #5 հարթակը։
Դիմելու ընթացակարգերի պարզեցումը, կանանց խմբերի միջոցով ծրագրի մասին իրազեկումը և արտադրության սկզբնական փուլերում տեխնիկական աջակցության տրամադրումը կին ֆերմերների համար ավելի մատչելի կդարձնեն ինտենսիվ այգիների ստեղծման և բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի արտադրության պետական ծրագիրը։ Քենիայում բանան արտադրողների կոոպերատիվներին անդամակցությունը զգալիորեն բարձրացրել է տնային տնտեսությունների եկամուտները (Fischer and Qaim, 2012)։
Երախտիքի խոսք. հեղինակները շնորհակալություն են հայտնում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Գենդերային հավասարության ծրագրերի ղեկավար Ժաննա Հարությունյանին՝ այս հետազոտության իրականացմանը ոգեշնչելու և գյուղատնտեսության ոլորտում կանանց վերաբերյալ ՄԱԶԾ Հայաստանի տվյալներին հասանելիություն տրամադրելու համար։
Օգտագործված աղբյուրներ
- Aker, J. C. (2011). Dial “A” for agriculture: a review of information and communication technologies for agricultural extension in developing countries. Agricultural Economics, 42(6), 631–647.
- Ashraf, N., Karlan, D., & Yin, W. (2010). Female empowerment: Impact of a commitment savings product in the Philippines. World Development, 38(3), 333–344.
- BenYishay, A., Jones, M., Kondylis, F., & Mobarak, A. M. (2020). Gender gaps in technology diffusion. Journal of Development Economics, 143, 102380.
- Dillon, A. (2011). The effect of irrigation on poverty reduction, asset accumulation, and informal insurance: Evidence from Northern Mali. World Development, 39(12), 2165–2175.
- European Union. (2021). Gender Action Plan III: Country-level implementation plan – Armenia.
- Finport.am. (2025). 39.4 billion drams to be allocated for agricultural programs in Armenia in 2026.
- Fischer, E., & Qaim, M. (2012). Linking smallholders to markets: Determinants and impacts of farmer collective action in Kenya. World Development, 40(6), 1255–1268.
- Fletschner, D. (2009). Rural women’s access to credit: Market imperfections and intrahousehold dynamics. World Development, 37(3), 618–631.
- Food and Agriculture Organization of the United Nations. (FAO) (2017). Gender, agriculture and rural development in Armenia: Country gender assessment.
- Government of the Republic of Armenia. (2019). Strategy of the main directions ensuring economic development in the agricultural sector of the Republic of Armenia for 2020–2030 (Decision No. 1886-L, Annex).
- Government of the Republic of Armenia. (2025a). State support programme for the cultivation of grain, legume and fodder crops.
- Government of the Republic of Armenia. (2025b). Strategy and action plan for the implementation of gender policy in the Republic of Armenia, 2025–2028.
- Kondylis, F., Mueller, V., Sheriff, G., & Zhu, S. (2016). Do female instructors reduce gender bias in diffusion of sustainable land management techniques? Experimental evidence from Mozambique. World Development, 78, 436–449.
- Ministry of Economy of the Republic of Armenia. (2026). Agriculture.
- Panorama.am. (2026, February 21). Nearly half of Armenia’s arable land lies uncultivated, analyst warns.
- Panorama.am. (2024, September 26). Wheat production in Armenia unprofitable, economy minister says.
- Statistical Committee of the Republic of Armenia [Armstat] . (2024). The demographic handbook of Armenia.
- Statistical Committee of the Republic of Armenia [Armstat]. (2025). Informal employment, 2024.
- Tax Code of the Republic of Armenia (2016, HO-165-N), provisions on income from the sale of agricultural products.
- Theis, S., Lefore, N., Meinzen-Dick, R., & Bryan, E. (2018). What happens after technology adoption? Gendered aspects of small-scale irrigation technologies in Ethiopia, Ghana, and Tanzania. Agriculture and Human Values, 35(3), 671–684.
- Udry, C. (1996). Gender, agricultural production, and the theory of the household. Journal of Political Economy, 104(5), 1010–1046.
- United Nations Development Programme. (UNDP) (2025). Survey of women landowners in rural Armenia [Survey conducted by R-Insights LLC].
- UN Women. (2018). Gender assessment of rural development and agriculture policies in Armenia.
- World Bank. (2025). Armenia gender data landscape.
- World Economic Forum. (2025). Global gender gap report 2025.
Disclaimer: Opinions expressed in policy briefs and other publications are those of the authors; they do not necessarily reflect those of the FREE Network and its research institutes. AI tools may have been used in the preparation of this brief. Where used, they were applied responsibly and in accordance with appropriate scientific and ethical standards. The authors and editor remain fully responsible for their respective contributions to the brief.